Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բանաստեղծների առատությունը հասարակության բարձր մակարդակի մասին չի խոսում, ավելի շուտ` հակառակը»

«Բանաստեղծների առատությունը  հասարակության բարձր մակարդակի մասին  չի խոսում, ավելի շուտ` հակառակը»
23.05.2014 | 12:26

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ հետ մեր զրույցը գրամոլության, լավ ու վատ գրականության, օտարացման, մենակության, լռության ու պոեզիայի մասին է: Հարցերը, մեջբերումները «քաղված» են բանաստեղծի մտորումներից ու պոեզիայից:

«ԳՐՔԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԻԹԽԱՐԻ ԿՈՒՅՏԻ ՄԵՋ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՆ ԱՅԺՄ ԱՎԵԼՈՐԴ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է»


-Երբ հետաքրքրվում էի երիտասարդ հայ կոմպոզիտորներով, իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն ասաց. «Ինձ համար ամենաժամանակակից կոմպոզիտորը Բեթհովենն է»: Ի՞նչ կասեք ժամանակակից հայ պոեզիայի մասին, հետևո՞ւմ եք երիտասարդ բանաստեղծների գործերին:
-Բեթհովենը, իրոք, բոլոր ժամանակների կոմպոզիտոր է, բայց չպետք է մոռանալ, որ նա ապրել և ստեղծագործել է 18-րդ դարի վերջերին և 19-րդ հարյուրամյակի առաջին կեսին, հետևաբար, նրա մեջ մարմնավորված է այդ ժամանակների «ոգին» (ոճը, եղանակը, ինտոնացիան), որի ստեղծողներից մեկն էլ Բեթհովենն էր, այսինքն, նա ոչ միայն կրում էր այն իր մեջ, այլև ստեղծում էր այն: Բոլոր ժամանակների մեջ գտնվելու համար նախ և առաջ պետք է գտնվել «մի ժամանակի» մեջ, որից դուրս նա կարող է կորցնել «բոլոր ժամանակները»: Նման հռետորական միտք արտահայտելու ժամանակ պարտադիր պետք է հիշել այդ «մի ժամանակը»: Ինչ վերաբերում է հայ ժամանակակից պոեզիային, կարելի է ասել, որ այդ պոեզիան գտնվում է կայացման պրոցեսում. էպատաժային շատ բաներ արդեն հաղթահարվում են, իսկ շատ բաներ նոր միայն սկսում են ձևավորվել: Երիտասարդ բանաստեղծներին հետևում եմ, իսկ մի քանիսի հետ որոշակի հույսեր եմ կապում (Էդուարդ Հարենց, Թոնդրակ...):
-«Պոեզիան ոչ մի հարց չի կարող լուծել, պոետը միայն մի հարց է լուծում` պոեզիայի հարցը»: Իսկ ասում են` քաղաքականացված պետք է լինի մեր ժամանակների պոեզիան: Պոետ-վավերագիրների գործերն այս ժամանակից այն կողմ չե՞ն անցնելու:
-Պոեզիան, այո, լուծում է միայն մեկ հարց` պոեզիայի, այսինքն` արվեստի հարցը: Բանաստեղծից պահանջեք պոեզիա և ոչ թե մի այլ բան, իսկ պոեզիան (եթե այն իրոք համապատասխանում է այդ բառի բուն իմաստին) հենց այն է, ինչին ձգտում է մարդկային հոգին: Հակառակ դեպքում նա ոչ լավ բանաստեղծություն կստանա կարդալու համար, ոչ էլ կստանա իրեն հուզող հարցերի լուծումը, որը պետք է փնտրել ոչ թե պոեզիայի մեջ, այլ մի ուրիշ տեղ: Բանաստեղծը կարող է արտահայտել իր քաղաքական դիրքորոշումը, բայց ամբողջ պոեզիան ծառայեցնել դրան չի կարող: Քաղաքական հարցերն ինչ-որ ձևով լուծվում են, որով «այդ պոեզիան» պղպջակի պես կարող է պայթել և անհետանալ այդ հարցերի հետ, օրինակ, 1920-50-ական թվականների գրականությունը, որից այժմ ապրում են միայն առանձին գործեր:
-Մեր օրերում գրքանունների թիվը շատացել է. լա՞վ է դա, թե՞ բազմազանության մեջ ստվերվում, կորչում են լավ գրքերը:
-Իրոք, գրքերի թիվը հասել է սպառնալից չափերի: Գրամոլությունը մոլեգնում է: Բանաստեղծների առատությունը հասարակության բարձր մակարդակի մասին չի խոսում, ավելի շուտ` հակառակը: Գրքանունների վիթխարի կույտի մեջ բազմազանություն փնտրելն այժմ ավելորդ զբաղմունք է: Դրանք մեծ մասամբ միօրինակ գործեր են, կրկնություններ, նույն մտքի կամ նույն պատկերի տարբեր վարիացիաներ, առանց ինքնատիպության, անհատականության, առանց «պրոբլեմի»:

«ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ է ՁԳՏՈՒՄ ԲԱՌԵՐԻՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԲԱՌԵՐՆ ԵՆ ՁԳՏՈՒՄ ԼՌՈՒԹՅԱՆ»


-«Պոեզիան իրականություն չի արտացոլում, նա ստեղծում է իրականություն»: Մեր իրականությունը փորձո՞ւմ է նմանվել պոեզիայի ստեղծած իրականությանը:
-Այո, պոեզիան ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ ստեղծում է այն, այսինքն, իրականության արտաքին շերտի տակ, որը, ինչպես գիտենք, անհետանում է, չքանում անցնող վայրկյանների հետ (մինչդեռ իրական է այն, ինչը մշտական է), նա գտնում է ժամանակի այն կենդանի երակը, որի միջով անցնում է իսկական կյանքը: Օրինակ, Հին Հունաստանը հենց այնպիսին է, ինչպիսին նրան ստեղծել է Հոմերոսը: Առայժմ, ցավոք սրտի, մեր պոեզիան է հետևում մեր իրականությանը, ոչ թե հակառակը:
-«Ամեն տող ապրում է ինքնուրույն կյանքով, ամեն տող սեփական իր պատկերն ունի»: Ո՞ր դեպքում են տողը, բանաստեղծությունը հավերժ ապրում:
-Այդ տողերի իմաստը կապված է արվեստի, մասնավորապես պոեզիայի ինքնաստեղծ էության հետ, երբ արվեստի ստեղծագործությունն ինքն է ստեղծում իրեն, հեղինակը չի բռնանում նրա վրա, չի ճնշում նրան իր նեղանձնական կամքով, այսպես ասած, չի խանգարում նրան ստեղծագործական պրոցեսում: Իսկական արվեստը, որքան էլ արվեստագետի անձնական-անհատական գործն է, որպես պարադոքս, ձգտում է դառնալ վերանհատական, վերանձնական: Վատ են այն տողերը, որոնք չեն ձգտում այդ ամենին, դրանք մեռնում են իրենց ծնունդ տվող նեղանձնական «իմպուլսների» հետ:
-«Գնալով ավելի դժվա՞ր է դառնում պոեզիա գրել»:
-Պոեզիա գրելը դժվարանում է այն ժամանակ, երբ բանաստեղծը գիտակցում է իր պատասխանատվությունը գրած տողերի նկատմամբ: Որքան մեծ է այդ գիտակցությունը, այնքան մեծ է ստեղծագործության ներքին դիմադրողականությունը: Պատասխանատվության զգացումը կապված է բանաստեղծի ամենաբարձր բարոյական գիտակցության հետ, որը նրան ազատում է «կեղծ ազատության» մտապատրանքից:
-Պոեզիան նաև լռությո՞ւն է: Ինչի՞ կարիք ունի աշխարհը` լռությա՞ն, ճշմարիտ խոսքի՞, հանգստի՞:
-Այո, բանաստեղծության մեջ պետք է լռություն լինի: Այն, ինչը գտնվում է բառերի ոլորտից դուրս (կեցության ամենախոր մակարդակներում), արտահայտվում է բառերի մեջ որպես ինտոնացիա, որպես երաժշտական առանձնահատուկ վիճակ (ոչ տաղաչափության, այլ հոգեբանական-գոյաբանական իմաստով), որն անհնար է պատմել: Այնպես, ինչպես լռությունն է ձգտում բառերին, այդպես էլ բառերն են ձգտում լռության: Իսկ «լռությունը», «ճշմարիտ խոսքը», «հանգիստը» իմացաբանական նույն շարքի առանձին արտահայտություններն են: Ըստ էության, դրանք վերաբերում են հոգևոր նույն ոլորտի տարբեր կողմերին: Լռությունը նույն «ճշմարիտ խոսքն» է, ինչի մասին գրում է չինացի փիլիսոփան, դա ձեռք է բերվում «հանգստի» մեջ, ստեղծագործական ներքին ինքնակենտրոնացման, ներքին արթնացման, ներքին ազատության մեջ: Կեղծ, փքուն, սուտ խոսքերի առատության մեջ խորտակվող աշխարհը ծարավի է այդ «ճշմարիտ խոսքին», միշտ չէ, որ նա գիտակցում է դա, բայց ինքը տանջվում է այդ ծարավից: Իմ կարծիքով, ժամանակակից մարդուն հենց դա է պետք` այնպիսի արվեստ, որն ինչ-որ չափով կհագեցնի այդ ծարավը:
-Համաշխարհային սարդոստայնը ստիպում է ժամանակակից մարդուն անընդհատ վազել, թվում է` կյանքը, աշխատանքի ձևերը հեշտացել են, իրականում արագացել է կյանքը: Մեր կյանքն արդյո՞ք դրանից չի կարճանում, «զգո՞ւմ ենք» այդ վազքի մեջ ժամանակը:
-Ժամանակակից մարդը շատ է աշխատում, բայց այդ աշխատանքը հիմնականում ի՛ր աշխատանքը չէ, նա աշխատում է ոչ թե ելնելով իր ներքին պահանջմունքից, այլ ենթարկվելով արտաքին ուժերի պարտադրանքին: Նա աշխատում է, բայց նրա «մարդկային հոգին» չի աշխատում: Արտաքին աշխարհում նա «վազքի մեջ» է, նա շատ է շարժվում, բայց իր ներքին աշխարհում նա «ժանգոտվում» է անշարժությունից: Դրանից էլ նա ժամանակը չի ապրում ամբողջությամբ, այլ բեկորներով, մաս-մաս, «երբեմն», որն առաջացնում է ժամանակի անհամասեռ պատկերացում և ընկալում: Մեր կյանքը դրանից ոչ թե կարճանում է, այլ հաճախ պարզապես դառնում է անիմաստ:
-«Ժամանակը մի վայր է, ուր ես միշտ Բացակա եմ»: Ժամանակ, մահ, անմահություն՝ գրողները հաճախ են անդրադառնում այս թեմաներին: Ո՞րն է ժամանակի Ձեր ընկալումը:
-Այդ տողերը ես գրել եմ հավանաբար այն մտքով, որ մարդը կարող է լինել ամեն տեղ և ոչ մի տեղ, միաժամանակ, նույն պահին, մարդը պառակտված է ժամանակային տարբեր չափումների մեջ: Ընդհանրապես ժամանակի վերապրումը իմ պոեզիայի «ինֆորմացիոն միջուկն» է, որին ես անդրադարձել եմ իմ կյանքի տարբեր շրջաններում:

«ՏԽՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԵՍՏԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՖՈՆՆ Է»


-«Գնալով ավելի դժվար է քայլել փողոցում, ուր չկան ծանոթ-բարեկամներ»… Գուցե խոսքն արտագաղթի մասին է, գուցե ոչ, ամեն դեպքում, ծանոթ դեմքերի պակասը ավելի տխուր չի՞ դարձնում մեր քաղաքը, ավելի օտար ու անպաշտպան:
-Դա կարող է և արտագաղթի մասին է, երբ քաղաքում բացակայում են ընկերներն ու բարեկամները, բայց իրականում դա օտարացման երևույթի մասին է, մարդկային մենակության, երբ ինչ-որ չափով փլվում են մարդու կապերն ու հարաբերությունները, և նա հայտնվում է մի իրադրության մեջ՝ «փողոցում, ուր չկան ծանոթ-բարեկամներ»:
-Ձեր ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ձեր գործերը ավելի շատ խորհրդայի՞ն շրջանում, թե՞ մեր ժամանակներում են արձագանք գտնում, թարգմանվում, հասնում ընթերցողին:
-Այո, թարգմանություններ եղել են, իսկ մեկ ամիս առաջ Թեհրանում անգլերեն լույս տեսավ իմ մենագրությունը՝ «Արևմտյան գրականության կրոնա-փիլիսոփայական քննությունը. շարժում դեպի հավասարակշռություն» վերնագրով: Բնականաբար, հիմա իմ գործերն ավելի շատ են թարգմանվում, բայց ընթերցողները դրանից չեն ավելանում: Նախկինում տպագրվում էին ավելի քիչ (հասկանալի պատճառներով), բայց ընթերցողներն ավելի շատ էին: Այսպիսին է պարադոքսալ իրականությունը:
-«Արվեստը ազատում է դիմակներից»: Գրելիս մարդը չի՞ կարող կեղծել: Դիմակավորված գրականություն չկա՞:
-Դիմակավորված գրականություն չկա, ոչ էլ կա կեղծ գրականություն, այդ բոլորը մտացածին խոսքեր են: Կա վատ գրականություն, դա շատ հաճախ այն «անկեղծ» գրականությունն է, որը քո ասած «կեղծ գրականությունն» է: Էսթետիկայում անկեղծության կատեգորիա չկա: Կեղծ գրականությունը հենց վատ գրականությունն է: Գրողը հաճախ որքան ձգտում է անկեղծության, այնքան հանգում է կեղծիքին: Այդպիսին է արվեստը՝ բարդ, անբացաատրելի, անսպասելի:
-«Կյանքը տխո՞ւր է»:
-Տխրությունը մարդկային կյանքի ընդհանուր տոնայնությունն է, նրա անբաժանելի հատկանիշը: Այդ բանաստեղծությունը ես գրել եմ 1970-ին՝ Մոսկվայում, գտնվելով մի որոշակի տրամադրության մեջ. տխուր են և՛ Աքիլլեսը, և՛ Հեկտորը, որոնք մենամարտում էին միմյանց դեմ, և նրանցից մեկը պետք է զոհվի, տխուր են Դոն Ժուանը («Կյանքը տխուր է»,- ասաց Դոն Ժուանը սիրուհու սենյակից ելնելով), տխուր է նկարիչը, որը «նկարում է աղավնի»: Տխրությունն արվեստի հոգեբանական ֆոնն է:
-«Մարդը պոեզիայում իրեն չի գտնում, նա իրեն չի գտնում պոեզիայից դուրս»: Դուք ո՞ր տարածքում եք ավելի շատ լինում:
-Մարդը ոչ պոեզիայի մեջ է, ոչ պոեզիայից դուրս, որտե՞ղ է նա: Այս բանաստեղծությունն ընթերցողին դրդում է մտածել այդ մասին, դա էլ բանաստեղծության ներքին նպատակն է:

«ԱՐՎԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՁԵՎԸ»


-«Ես հարցնում եմ, նա` պատասխանում
«Նա ինձ ընդունո՞ւմ է»։
«Ոչ, որովհետև նա քեզ չի լքել»: Աստծո հետ հա՞շտ եք:
-Արվեստն ինքն իր մեջ ունի որոշակի «դեմոնական» երանգավորում, բայց նա երբեք հակաաստվածային լինել չի կարող: Արվեստը միշտ աստվածային է:
-«Ընդհատել կարողացիր, երբ ընդհատվում է, կամ շարունակիր, եթե չունես ուրիշ մի հնարավորություն»: Պարոն Էդոյան, իսկ ճիշտ հակառակը չի՞ լինում:
-Կարող է և դրա ճիշտ հակառակը լինել, բայց ընդհանրապես արվեստագետի ներքին «իմպուլսը» նրան ճիշտ ժամանակին հրահանգում է` ընդհատել:
-«Արվեստն է մարդու գոյության կատարյալ ձևը»: Մեր ժամանակներում փոխե՞լ են իրենց ձևը արվեստը, գրականությունը, մարդը:
-Այո, մարդու գոյության կատարյալ ձևը արվեստի մեջ է: Ես դրանում համոզված եմ. արվեստից դուրս մարդը կորցնում է իր գոյության հենարանը, որի կատարյալ «հատակագիծը» նա գտնում է արվեստի մեջ: Ես գիտեմ հաստատ, որ դրա մեջ է արվեստի հավերժության գաղտնիքը. չկա արվեստ` չկա մարդ: Արարչից հետո արվեստն է մարդ ստեղծում: Մարդկային կյանքի բոլոր փոփոխություններն արձանագրված են արվեստի պատմության «ակաշա-քրոնիկայում»: Հետևիր այդ պատմությանը և կտեսնես մարդկային Ոգու շարժման հետագիծը:
-«Երաժշտություն կա, որ նման չէ երաժշտության, պոեզիա, որ նման չէ պոեզիայի»: Խոսքը վատ, անճաշակ երաժշտության ու պոեզիայի մասի՞ն է: Մեր իրականության մեջ ո՞րն է գերիշխում: Եվ ինչո՞ւ են մարդկանց գրավում դյուրամարսն ու էժանը:
-Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, գերիշխում է այդ անճաշակ, գռեհիկ, անմիտ և աննպատակ երաժշտությունը (կամ գրականությունը): Դյուրամարսը, էժանագինը չի պահանջում որոշակի պատրաստվածություն: Նա փնտրում է անմիտը, որ չմտածի, իսկ մտածել նա չի սիրում, որովհետև հոգնում է: Արդյունքում ստացվում է այն, ինչ տեսնում ենք վիթխարի համերգասրահներում` վայրենության և անմտության այդ «վակխանալիաներում»:
-Իրականությունից փախչելու, հանգստանալու, ինքդ քեզ հետ մենակ մնալու տարբեր ձևեր կան: Արվեստը նո՞ւյնպես փախուստ է:
-Շիլլերն ասում էր` արվեստը փախուստի միջոց է «անհրաժեշտությունից դեպի ազատություն»: Ռիլկեն ասում էր` «կյանքը փախուստ է»: Այնուամենայնիվ, արվեստը փախուստ չէ, փախուստի տեղ պարզապես չկա: Ամեն տեղ մարդուն հետևում է նույն իրականությունը: Այդ իրականության տարրերից արվեստը ստեղծում է մի նոր իրականություն, որը ձևված է «մարդու վրա», պատասխանում է նրա բոլոր հարցերին և, ըստ էության, ավելի իրական է, քան բուն իրականությունը, որի նկատմամբ մարդը հաճախ օտարացում է ապրում, բայց արվեստի իրականության նկատմամբ՝ երբեք:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ